2007թ. մայիսի 4-ի թվակիր հեռագրի մեջ ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին գրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վայելում է «բարձր վարկանիշե՝ համաձայն ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հարցման արդյունքների, որն առնչվում էր 2007 թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Գոդֆրին, այնուամենայնիվ, կասկածում է Հովհաննիսյանի՝ ընտրվելու հավանականությանը: «Նա հայ ընտրողի կողմից կարող է դիտվել իբրեւ չափազանց «լավ մարդե՝ հավատալու համար, որ կարող է հաջողություն ունենալ քաղաքականության՝ շնաձկներով լի ջրերում»,- գրում է Գոդֆրին՝ հավելելով. «Նա չունի նաեւ գրեթե ոչ մի կազմակերպական հենք կամ առաջադրման հիմնական ընտրատարածք, թեպետ նրա՝ ամերիկյան ոճի քարոզարշավի միջոցները նույնքան պրոֆեսիոնալ են, որքան այս մրցավազքում մյուսներինը»: Մեկ այլ հեռագրի մեջ Գոդֆրին ընդգծում է իշխանությունների կողմից Հովհաննիսյանի աջակիցներին վախեցնելու նպատակով իրականացված ահաբեկման դեպքերը, որոնց մասին վկայակոչում են ԵԱՀԿ դիտորդները:
Չնայած հավաքած 6 տոկոս ձայներին եւ խորհրդարանում 7 մանդատ ստանալու հանգամանքին՝ Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան կարծում էր, որ Հովհաննիսյանի քարոզարշավը հաջողվել է: Միայն նրա հեռագրի վերնագիրն արդեն դրա վկայությունն էր. «Սոցիոլոգիական հետազոտությունը ցույց տվեց, որ ,Ժառանգություն» կուսակցությունը մայիսի 12-ի ընտրությունների հիմնական հաղթանակողն էե: Փերինան հղում է անում ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից ֆինանսավորվող հարցմանը, ըստ որի՝ «Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա «Ժառանգություն» կուսակցությունը մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ճանաչման եւ ժողովրդականության ամենամեծ աճն են արձանագրել… Ոչ մի կուսակցություն այդքան չի մոտեցել աճի նմանօրինակ շեմի թե ճանաչման, թե հավանության առումներով», - գրում է Փերինան: «Հետազոտությունը ցույց է տալիս, որ «Ժառանգություն» կուսակցությունն ունի ամենացածր բացասական վարկանիշը երկրում՝ 29 տոկոս»: Առավել հետաքրքրական է, որ համաձայն հարցման՝ եթե այդ ժամանակ տեղի ունենային նախագահական ընտրություններ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Հովհաննիսյանի մասնակցությամբ, նրանք երկուսով դուրս կմղեին այլ թեկնածուներին: Ավելին՝ հարցվածների ընդհանուր թվում ամենամեծ բաժինը կազմում են Հովհաննիսյանի ընտրողները՝ 36 տոկոս, Սարգսյանի ստացած 30 տոկոսի դիմաց: Փերինան կարծում էր, որ Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը «փայլուն» էր այն առումով, որ նրան հաջողվեց բարձր վարկանիշը վերածել ձայների, եւ որ նրա կուսակցությունն «արդարացրեց իրեն», ինչը նշանակում է, որ ավելի շատ ընտրողներ կաջակցեն նրան ապագայում: